1 Kings 20
1 Ադերի որդին՝ Ասորիքի արքան, հավաքեց իր ամբողջ զորքը և ելավ ու պաշարեց Սամարիան, իրեն հետ էին ևս երեսուներկու թագավորներ։ Բոլորը երիվարներով ու մարտակառքերով ելան պատերազմի ու պաշարեցին Սամարիան։
2 Նա սուրհանդակներ ուղարկեց քաղաք՝ Իսրայելի արքա Աքաաբի մոտ,
3 և ասաց նրան. «Այսպես է ասում Ադերի որդին. “Քո արծաթն ու ոսկին իմն են, քո կանայք ու գեղեցիկ որդիները իմն են”»։
4 Իսրայելի արքան պատասխան տվեց՝ ասելով. «Քո ասածի պես, տե՛ր իմ արքա, քոնն եմ ես, և քոնն է իմ ամեն ինչը»։
5 Սուրհանդակները նորից եկան ու ասացին. «Այսպես է ասում Ադերի որդին. “Ես լուր էի ուղարկել, որ քո արծաթն ու ոսկին, քո կանայք ու որդիներն ինձ տաս։
6 Արդ, վաղն այս ժամին կուղարկեմ իմ ծառաներին, որոնք խուզարկելու են քո և քո ծառաների տները և ինչ որ իրենց աչքերին ցանկալի թվա, ինչի էլ որ իրենց ձեռքերը մեկնեն, պիտի առնեն”»։
7 Իսրայելի արքան կանչեց երկրի բոլոր ծերերին և ասաց. «Իմացե՛ք ու տեսե՛ք, որ նա չարիք է ուզում, քանզի ինձ մոտ մարդ էր ուղարկել՝ պահանջելով իմ տղաներին ու աղջիկներին, իմ արծաթն ու ոսկին, բայց ես չմերժեցի նրան»։
8 Ծերերն ու ամբողջ ժողովուրդը նրան ասացին. «Մի՛ լսիր նրան ու հանձնառու մի՛ եղիր»։
9 Եվ նա Ադերի սուրհանդակներին ասաց. «Ձեր տեր արքային ասե՛ք. “Ինչի համար որ առաջին անգամ մարդ էիր ուղարկել քո ծառային, կանեմ, իսկ այս բանը չեմ կարող անել”»։ Մարդիկ գնացին ու պատասխանը հաղորդեցին նրան։
10 Ադերի որդին նրա մոտ մարդ ուղարկեց և ասաց. «Այսպես և այսպես թող անեն ինձ աստվածները և ավելին թող անեն, եթե Սամարիայի հողը բավի իմ հետևակի բոլոր զինվորներին մեկ բռաչափով»։
11 Իսրայելի արքան պատասխան տվեց ու ասաց. «Շա՜տ եղավ, թող կուզիկը չպարծենա ուղիղ կանգնողի նման»։
12 Ադերի որդին այս պատասխան խոսքերը լսեց, երբ որ բոլոր թագավորների հետ վրաններում գինարբուքի մեջ էր։ Նա ասաց իր ծառաներին. «Պաշարե՛ք»։ Եվ քաղաքը պաշարեցին։
13 Եվ ահա մի մարգարե մոտեցավ Իսրայելի Աքաաբ արքային ու ասաց. «Այսպես է ասում Տերը. “Տեսնո՞ւմ ես այս մեծ ամբոխը. ահա նրան այսօր քո ձեռքն եմ մատնելու, որպեսզի համոզվես, որ ես եմ Տերը”»։
14 Աքաաբը հարցրեց. «Ո՞ւմ միջոցով»։ Մարգարեն ասաց. «Այսպես է ասում Տերը. “Գավառների իշխաններին ծառայողների միջոցով”»։ Աքաաբը հարցրեց. «Ո՞վ պետք է սկսի պատերազմը»։ Մարգարեն ասաց. «Դո՛ւ»։
15 Աքաաբը հաշվեց գավառների իշխանների ծառաներին ու տեսավ, որ նրանք երկու հարյուր երեսուն հոգի են։ Ապա հաշվեց ամբողջ ժողովրդին, զորքի բոլոր անդամներին և տեսավ, որ յոթ հազար մարդ կար։
16 Կեսօրին նա հարձակման անցավ։ Ադերի որդին և նրա երեսուներկու դաշնակից թագավորները գինարբուքի մեջ էին վրաններում։
17 Նախ հարձակում գործեցին գավառների իշխանների ծառաները։ Լուր ուղարկեցին Ադերի որդուն, պատմեցին նրան ու ասացին. «Սամարիայից մարդիկ են դուրս եկել»։
18 Ադերի որդին նրանց ասաց. «Եթե խաղաղության համար են դուրս եկել, կենդանի՛ բռնեք նրանց, եթե պատերազմի համար են եկել, դարձյա՛լ կենդանի բռնեք»։
19 Քաղաքից դուրս եկան գավառների իշխանների ծառաները, նրանց հետևից՝ նաև զորքը,
20 և ամեն մեկն սպանեց նրան, ով հանդիպեց իրեն։ Ասորիները փախան, և Իսրայելը հալածեց նրանց։ Ասորիքի արքան՝ Ադերի որդին, ձի հեծած, հազիվ փրկվեց երեք ձիավորների հետ։
21 Իսրայելի արքան առաջ շարժվեց, վերցրեց երիվարներն ու մարտակառքերը և ասորիներին մեծ հարվածներ հասցրեց։
22 Մարգարեն մոտեցավ Իսրայելի արքային ու ասաց նրան. «Զորացի՛ր ու իմացի՛ր, տե՛ս, թե ի՛նչ ես անելու, քանի որ հաջորդ տարի Ադերի որդին՝ ասորիների արքան, հարձակվելու է քեզ վրա»։
23 Ասորիքի արքայի ծառաներն ասացին նրան. «Իսրայելի Աստվածը լեռների Աստված է և ոչ թե դաշտերի Աստված, այդ պատճառով էլ նրանք հաղթեցին մեզ։ Եթե նրանց դեմ պատերազմենք հարթ վայրում, կհաղթենք նրանց։
24 Այս բա՛նն արա. թագավորներին գահընկե՛ց արա և նրանց փոխարեն նախարարնե՛ր նշանակիր։
25 Քո կորցրած զորքերի փոխարեն զորքեր կտանք, երիվարների փոխարեն՝ երիվարներ, մարտակառքերի փոխարեն՝ մարտակառքեր. նրանց դեմ պատերազմենք հարթ վայրում ու հաղթենք»։ Նա անսաց նրանց խոսքերին և այդպես էլ արեց։
26 Հետևյալ տարին Ադերի որդին աշխարհագիր անցկացրեց Ասորիքում, ելավ գնաց Ափեկա, որ պատերազմի Իսրայելի դեմ։
27 Իսրայելի որդիները նույնպես աշխարհագիր անցկացրին և երկու գնդի բաժանվելով՝ եկան կանգնեցին նրանց առջև։ Իսրայելի որդիները ասորիների դեմ ճակատ կազմեցին այծերի երկու հոտերի պես, մինչդեռ ասորիները ծածկել էին երկիրը։
28 Աստծու մարդը մոտեցավ Իսրայելի արքային և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Քանի որ ասորիներն ասացին՝ Տերը լեռների Աստված է և ոչ թե դաշտերի Աստված, նա այդ մեծ զորքը քո ձեռքն է հանձնելու, որպեսզի համոզվեն, որ ես եմ Տերը”»։
29 Նրանք, ճակատ կազմած, յոթ օր իրար դեմ դիմաց էին, իսկ յոթերորդ օրը պատերազմը բորբոքվեց։ Իսրայելը մեկ օրում հարյուր հազար ասորի հետևակ կոտորեց,
30 իսկ մնացածները փախան իրենց քաղաքը՝ Ափեկա, և պարիսպը փուլ եկավ մնացած քսանյոթ հազար ասորիների վրա։ Ադերի որդին փախավ ու իր պալատում մի սենյակից մյուս սենյակն էր վազում։
31 Նրա ծառաներն ասացին. «Մենք լսել ենք, որ Իսրայելի տան թագավորները գթասիրտ են։ Մեր մեջքերին քուրձեր կապենք, մեր գլուխներին՝ չվաններ, գնանք Իսրայելի թագավորի մոտ, թերևս մեր կյանքը խնայի»։
32 Նրանք իրենց մեջքերին քուրձեր ու գլուխներին չվաններ կապեցին և ասացին Իսրայելի թագավորին. «Քո ծառան՝ Ադերի որդին, ասում է. “Խնայի՛ր կյանքս”»։ Իսկ նա ասաց. «Եթե նա դեռ կենդանի է, իմ եղբայրն է»։
33 Նրա մարդիկ, դյութելով արքային, նվերներ տվեցին նրան և այս խոսքերը նրա բերանից առնելով՝ ասացին. «Քո եղբայրը՝ Ադերի որդին, այստեղ է»։ Ասաց. «Գնացե՛ք ու բերե՛ք նրան»։ Ադերի որդին եկավ Աքաաբի մոտ, և նրան մարտակառք նստեցրին թագավորի կողքին։
34 Ադերի որդին ասաց. «Այն քաղաքները, որ իմ հայրը գրավել էր քո հորից, քեզ եմ վերադարձնում։ Դու հարկեր կվերցնես Դամասկոսից, ինչպես իմ հայրը վերցնում էր Սամարիայից»։ Աքաաբն ասաց. «Ես էլ դաշինք կնքելով՝ քեզ կարձակեմ»։ Նա դաշինք կնքեց նրա հետ և արձակեց նրան։
35 Մարգարեների որդիներից մեկը, Տիրոջ խոսքին անսալով, ասաց իր ընկերոջը. «Հարվածի՛ր ինձ»։ Սակայն մարդը չուզեց հարվածել նրան։
36 Նա ասաց նրան. «Քանի որ Տիրոջ ձայնին չհնազանդվեցիր, հենց որ ինձնից հեռանաս, մի առյուծ քեզ կբզկտի»։ Երբ սա հեռացավ նրանից, մի առյուծ հանդիպեց նրան ու հոշոտեց։
37 Նա, մի ուրիշ մարդու հանդիպելով, ասաց. «Հարվածի՛ր ինձ»։ Այս մարդը հարվածեց ու վիրավորեց նրան։
38 Մարգարեն եկավ և կանգնելով ճանապարհին՝ սպասեց թագավորին ու չճանաչվելու համար շորով կապեց իր աչքը։
39 Երբ արքան անցնում էր այնտեղից, նա ասաց արքային. «Երբ ես՝ քո ծառան, զորքի հետ պատերազմ էի գնացել, մի մարդ, ինձ մոտ բերելով մեկին, ասաց. “Այս մարդուն պահի՛ր, իսկ եթե ձեռքիցդ փախչի, քո կյանքը կկորչի նրա կյանքի փոխարեն, կամ մի տաղանդ արծաթ կտաս ինձ”։
40 Եվ մինչ քո ծառան այս ու այն կողմ էր նայում, նա արդեն չկար»։ Իսրայելի արքան նրան ասաց. «Իմ ըմբռնումով դա դավ է, ուրեմն սպանե՞լ ես նրան»։
41 Նա շորն անմիջապես հեռացրեց աչքերից, և Իսրայելի արքան ճանաչեց նրան. նա այնտեղի մարգարեներից էր։
42 Մարգարեն ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Քանի որ դու վտանգավոր մարդուն ազատեցիր իմ ձեռքից, ուստի դու քո կյանքով կհատուցես նրա կյանքի փոխարեն, իսկ քո ժողովուրդը՝ նրա ժողովրդի փոխարեն”»։
43 Իսրայելի արքան գնաց իր տունը՝ Սամարիա, տխուր ու հուսահատ։